Հայաստանը միջազգային մեդիայում ամենից հաճախ հիշատակվել է 1987-1994 թվականներին [ինֆոգրաֆիկ]Media.am-ը գրում է․

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) GDELT (Global Database of Events, Language and Tone) տվյալների բաց բազայի միջոցով վերլուծել է միջազգային մեդիայում հարավկովկասյան տարածաշրջանի պետությունների հիշատակման ծավալն ու հաճախականությունը: GDELT-ն նախագիծ է, որը Google Ideas-ի աջակցությամբ մշտադիտարկում է աշխարհի գրեթե բոլոր երկրների հեռարձակող, տպագիր եւ օնլայն մեդիան:

ՀՌԿԿ-ն ուսումնասիրել է բավականին մեծ ժամանակահատված՝ 1979 թվականից մինչեւ մեր օրերը: Արդյունքում գրաֆիկական պատկերների են վերածվել աշխարհի 100 լեզուներով տպագրված հոդվածներ, որոնք հայտնվել են տվյալների բազայում:

Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի մասին անդրադարձները միջազգային մեդիայում հիմնականում կապվել են կոնֆլիկտային, ցնցումային իրադարձությունների հետ, որոնք մեր տարածաշրջանում վերջին 35 տարիների ընթացքում քիչ չեն եղել:

Վրաստանն, օրինակ, համաշխարհային մեդիայի ուշադրության կիզակետում է հայտնվել 2008 թվականի օգոստոսին, երբ պատերազմել է Ռուսաստանի հետ: Իրավիճակն առավել լայն է լուսաբանվել, քանի որ նույն օրերին մեկնարկել են Պեկինի օլիմպիական խաղերը, որոնք մոլորակին խաղաղության կոչ են հղել, իսկ նույն օրը (օգոստոսի 8-ին) հսկա գերտերությունը հարձակվել է մասշտաբով ավելի փոքր պետության վրա:

Բոլոր երեք պետությունների դեպքում կարեւոր ինֆորմացիոն առիթ են դարձել ու լայնորեն ներկայացվել անկախացումն ու ինքնիշխան պետության ձեւավորման փաստը, որն ուղեկցվել է բռնության կիրառմամբ, ճնշումներով ու մարդկային զոհերով:

Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում տեղեկատվության առավել մեծ հոսք է պահանջվել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում: Ինչպես ասվում է հետազոտության մեջ՝ երկու պետությունների ճակատագրերն այդ պատերազմի միջոցով իրար են կապվել:

GDELT_Armenia

Հայաստանի մասին հիշատակման գագաթնակետերից մեկը 1983 թվականին էր (երբ այն դեռ ԽՍՀՄ տարածքի մաս էր): Առիթը Փարիզի օդանավկայանում «Թուրքական ավիաուղիների» դեմ կատարված ահաբեկչական գործողությունն էր, որի պատասխանատվությունը ստանձնեց հայ ազգայնական «ԱՍԱԼԱ» կազմակերպությունը: Դա հենց միջազգային հնչեղություն ունեցող լուր էր, որը Սովետական Հայաստանում տարածել խորհուրդ չէր տրվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել